ւ-ի եւ վ-ի գրութիւնը /Ռաֆայել Իշխանյան/

Ինչպէս հայոց դասական այբուբենն է ցոյց տալիս, այժմ տարածում գտած այբուբենից դուրս է մնացել Ւ, ւ տառը, փոխարէնը արհեստականօրէն այբուբեն են մտցուել ու, և նշանագրերը, որոնք իրականում երկու տառերի միացութիւններից են կազմուած, և-ը ե, ւ տառերի միացումն է, ու-ն՝ ո, ւ տառերի: Մաշտոցը Ւ, ւ տառը (կոչւում է յիւն կամ վիւն) դրել է ց եւ փ տառերի մէջ: Նոր ուղղագրութեան պաշտպաններն այդ տառը հանել են մաշտոցեան այբուբենից: Դասական ուղղագրութիւնը վերականգնելիս առաջին գործը պէտք է լինի ւ տառը նորից իր տեղը դնելը: Այդ տառի գործածման օրէնքը հետեւեալն է:
Բառասկզբում այն երբեք չի գրւում: Բառամիջում եւ բառավերջում ա, ե, ի ձայնաւորներից յետոյ վ լսուելիս գրւում է ւ, ինչպէս՝
աւան, անձրեւ, աւարտ, բարեւ, աւել, բեւեռ, աւետել, Երեւան, բաւական, Սեւան, բաւարար, եւ, գաւաթ նաեւ, գրաւել, գաւիթ, հեւալ, խաւար, ձեւ, սարկաւագ, տերեւ, եւ այլն
Արագագրութեան դէպքերում ե-ն միացվում է ւ-ին եւ գոյանում է և կրճատագիրը. այդպէս կարելի է գրել՝ նաև բևեռ և Երևան անձրև Սևան բարև անձրև
Յիշենք, որ ի տառից յետոյ բառերի վերջում, ինչպէս եւ միջում՝ ձայնաւորից առաջ նոյնպես գրւում է ւ՝ դարձեալ վ-ի արժէքով. օրինակ՝ կռիւ, շիւ, արծիւ, թիւ, անիւ, անթիւ, առթիւ, պատիւ, դիւանագէտ, հիւանդ, ճիւաղ, ջիւան եւ այլն: Բայց միշտ չէ, որ ի տառից յետոյ ւ տառը վ-ի արժէք ունի:
Բաղաձայնից առաջ ի եւ ւ տառերը բոլորովին այլ նշանակութիւն ունեն. նոր ուղղագրութեան յու երեք տառի փոխարէն ըստ դասական ուղղագրութեան գրւում է իւ երկու տառը, ինչպէս՝
արիւն, բարութիւն,սիւն, ծուլութիւն, ալիւր, կրթութիւն, 
բիւր, թերութիւն, հիւր, հնչիւն, հիւլէ, քաղցրութիւն, հիւսել, իւրաքանչիւր, կորիւն, իւղ, ճիւղ, իւրացնել եւ այլն
Հայերէնում է, օ տառերից յետոյ երբեք ւ չի գրվում: Պէտք է յիշել նաեւ, որ ւ տառը ո-ից յետոյ գոյացնում է ձայնավոր հնչիւն՝ ու: Վերն ասուեց, որ մեր ու-ն ոչ թե մի տառ է, այլ՝ երկու (ֆրանսերէնում էլ այդ հնչիւնը երկու տառից է բաղկացած՝ ou): Այս պատճառով բառերի մէջ եւ վերջում ո տառից յետոյ լսուող վ-ն գրում ենք հէնց վ-ով եւ ոչ թե ւ-ով: Օրինակ, կով, գովք բառերը եթե գրենք ւ-ով, կունենանք կու, գուք, որ բոլորովին այլ կերպ կկարդացուի: Այս պատճառով գրում ենք՝ ծով, կով, հով, սով, բովանդակութիւն, գովք, ժողովուրդ, սովորութիւն, գրքով, աչքով եւ այլն: Պէտք է յիշել նաեւ, որ բարդ ու ածանցաւոր բառերի մէջ եթէ երկրորդ բաղադրիչն այնպիսի բառ է, որ սկզբում ունի վ, այդ վ-ն պահպանում ենք, ինչպէս, օրինակ, պատմավէպ բարդ բառի մէջ երկրորդ բառը վէպ-ն է, ուրեմն վ-ն պահպանում ենք, գահավէժ-ում երկրորդ բառը վէժ-ն է (վիժել), ուրեմն վ-ն պահպանւում է, հրավառ-ի մեջ երկրորդ բառն է վառ, ուրեմն վ-ն պահպանում ենք, կարեվէր-ի մէջ երկրորդ բառն է վէր-ը (վէրք), ուստի վ-ն մնում է, անվաւեր բառի մէջ ան ածանցից յետոյ վաւեր բառն է, սկզբի վ-ն պահպանում ենք, անվերջ բառի մէջ ան-ից յետոյ վերջ բառն է, վ-ն մնում է եւ այլն:
Ու-ն վ-ի արժեքով: — Բառերի մէջ ա, ե, է, ի, ո ձայնաւորներից առաջ, բաղաձայնից եւ յ կիսաձայնից յետոյ վ լսուելիս դասական ուղղագրութեամբ ւ կամ վ չի գրւում, այլ նրանց արժէքով գրւում է ու, ինչպես՝
հարուած, հաշուապահ, ջարդուածք, շուար, կալուածք, նուազ, թուաբանութիւն ,շուայտ, պատուական, նուէր,
ստուեր, հալուել, նուոց, ձուաձեւ, Դուին, Զուարթ, նուազել, Նուարդ, սրուել լեզուաբան, հազուադէպ, եւ այլն
Տողադարձի ժամանակ առաջարկւում է ու-ի փոխարէն ւ գրել, ինչպէս թուական — թը-ւական, Դուին — Դը-ւին, բայց սա պարտադիր կանոն չէ: Ածանցաւոր ու բարդ բառերի մէջ եթէ առաջին բաղադրիչն աւարտւում է ւ-ով, յաջորդ ձայնաւորը դեր չի խաղում, ւ-ն մնում է: Օրինակ, գրում ենք գրաւել, քանի որ սկզբում գրաւ բառն է, ւ-ն մնում է: Կամ՝ հարաւային, նոյնպէս գրում ենք ւ-ով, քանի որ հարաւ բառն է առկայ, նոյնը և՝ ծարաւած, կաւահող, դաւադիր եւ այլն: Եթէ բառը աւարտւում է ւ կամ վ տառերից մէկով, կրաւորական ձեւի դէպքում այսպիսի տեսք է ընդունում՝ հաշւուել, ներգրւուել, գովուել: Այսինքն՝ հաշիւ+ուել, ներգրաւ+ուել, գով +ուել: Յիշենք նաեւ այսպիսի ձեւեր՝ հրահանգաւորում է, հրահանգաւորուած, հրահանգաւորուեց, վառւում է, վառուած, վառուեց, կանոնաւորում է, կանոնաւորուած, կանոնաւորուեց և այլն: Կարեւոր է յիշել նաեւ, որ կան ւ տառով կազմուած մասնիկներ՝ -աւոր, -աւէտ (-ւէտ), -աւուն. սրանցով կազմուած բառերի մէջ ւ-ն պահպանւում է, ինչպէս՝ մեծաւոր, ձայնաւոր, յանցաւոր, հոտաւէտ, բուրաւէտ, շիկաւուն և այլն: Արեւելահայերը վ-ի արժէքով բառամիջում ու-ով գրուող բառերի մէջ ո-ն կրճատում են, թողնում են ւ-ը եւ գրում են ոչ թէ հարուած, այլ՝ հարւած, այդպէս էլ՝ թւաբանութիւն, նւէր, պատւէր, նւալ, սրւել, սւաղել, Նւարդ եւ այլն: Մինչև 1922 թ. փոփոխութիւնը Հայաստանում ընդունուած էր գրութեան այս ձեւը: Ու ձայնաւորից առաջ ւ դնելն ընդունուած է, ինչպէս՝ գրւում է, սրւում է, համարւում է, թւում է և այլն: Այսպիսով, դասական ուղղագրութեամբ վ հնչիւնը արտայայտւում է երեք ձեւով՝ վ, ւ տառերով եւ ու երկտառով՝ ըստ վերը բերուած կանոնների:

Թողնել մեկնաբանություն